2017թ. դեկտեմբերի 22-ին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) 14 ներկայացուցիչներ ստացան հավաստագրեր այն մասին, որ մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրին։ Կրթական ծրագիրն ավարտեցին 14 ՔՀԿ ներկայացուցիչ՝ Երևանից և մարզերից։

Դասընթացի մասնակից «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նինել Հովնանյանը նշում է, որ ծրագիրը նպաստում է կազմակերպությունների կարողությունների զարգացմանը և իրավագիտակցությունն է բարձրացնում․ «Կազմակերպություններ կան, որ աշխատում են, իրենց հունով գնում են, բայց կանոնակարգված չեն անում։ Դասընթացները շատ բան տվեցին ներքին կարողությունների զարացման համար»- ասաց ծրագրի շրջանավարտը։

Կրթական ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ ազդեցիկ դարձնելն է։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: