2017թ. մարտ-հունիս ամսիներին «Ոչ ֆորմալ կրթություն զորացրված տղաների համար ծրագրի դասերի մասնակիցներ՝ Նարեկ Տիգրանյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Էդգար Մկրտչյանը և Արտյոմ Մուրադյանը համակարգչային առանձնահատուկ մասնագիտական կարողություններ ստացան և հիմա կարողանում են բավականին հմտորեն աշխատել վեկտորային և կետային գրաֆիկաների աշխատանքներում:

«Ռադիո էլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» եռամսյա դասընթացի 6 մասնակիցները ձեռք են բերել որոշակի կարողություններ՝ օգտվել և կիրառել բոլոր տիպի չափիչ-ստուգիչ սարքավորումներից, տիրապետել զոդման և ռադիո դետալների մոնտաժման և տարանջատման հմտություններին, տարբերակել կիսահաղորդչային սարքերը, ինքնուրույն գծել և էսքիզավորել սնման աղբյուրները, պարզագույն ռադիո էլեկտրոնային հանգույցները և ռադիո դետալները` ըստ պայմանական նշանների, հայտնաբերել և վերացնել տարբեր կենցաղային սարքավորումների անսարքությունները, որոնք արտացոլվել են նրանց գործնական աշխատանքներում:

Դասընթացի մասնակիցները ձեռք են բերել հիմնական գիտելիքներ նախընտրած մասնագիտության վերաբերյալ, պատկերացնում են ռադիո դետալների կիրառման հնարավորությունները, աշխատանքային բոլոր իրավիճակներում պահպանում են անվտանգության կանոնները: Դասընթացի ամփոփման ընթացքում սովորողները ցուցաբերել են բավականին լավ մասնագիտական կարողություններ, ներկայացրել անհատական գործնական աշխատանքներ, իսկ Լևոն Հակոբյանը, Արտյոմ Մուրադյանը, Աշոտ Գրիգորյանը և Համլետ Ալիխանյանը կատարել են բավականին բարդ աշխատանքներ:

Հիշեցնենք, որ տղաները եռամսյա համակարգչային կուրսեր են անցել Գյումրու պետական արհեստագործական թիվ 4 ուսումնարանում, իսկ դասերը կազմակերպվել են «Զինվորի Մայր» ՀԿ-ի կողմից «Հայ Օգնության Ֆոնդի» ֆինանսավորմամբ: